Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 90․000-ը․ մահացել է 123 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News        

կորոնավիրուս

Թուրքիայում ապրիլի 20-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 123 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 39․703 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․674 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 123 դեպք, ապաքինվել է ևս 1454 մարդ։ Գրել է Ermenihaber-ը։

Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 13․430 հիվանդ։ 1․909 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 90.980 հաստատված դեպք և մահվան 2․140 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 673․980-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում զգալիորեն առաջ է անցել Իրանից։

Տեսանյութեր

Live

Լրահոս