Սեղանին դրված փաստաթղթերը ենթադրում են կարգավորել ԼՂ խնդիրը փուլային տարբերակով. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Լավրով

«Գորչակով» հիմնադրամում անցկացվող առցանց կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձել է անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պայմանավորվածություններին:

«Կան Մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի կողմից պատրաստվել են 2010-2011-ին, դա, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթն է: Անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը ներկայացվել են նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են», - ասել է Լավրովը, ապա հավելել, որ այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորել խնդիրը փուլային տարբերակով: Առաջին փուլում պետք է ապահովել առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում: Լավրովը վստահ է, որ դրանց ստորագրումը կլինի լուրջ քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում:

«Երբ որոշում կայացնենք այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ, սա կլինի վճռական քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու համար, որոնք, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջում են վերջ դնել պատերազմին և սկսել պայմանավորվել:

Պայմանավորվել սկսել էինք, այժմ էլ պետք է պայմանավորվենք. սա հենց այն է, ինչ մենք փնտրում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: