Արտարժույթային տատանումներ, դրամի արժեզրկում չի կարող լինել ՀՀ-ում․ շահեկան դիրքում ենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

տնտեսական

Ապրիլի 20-ին հայտնի դարձավ, որ նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական է դարձել։ WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսների արժեքը իջել էր բարելի դիմաց մինչև 5 դոլար, ապա դարձել բացասական: Թեմայի շուրջ 24News-ը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։ 

«Հայաստանում տնտեսական որևէ դեպրեսիաներ չեն կարող լինել, դրանք առաջին հերթին վերաբերում են նավթարդյունահանող երկրներին, չնայած՝ համաշխարհային տնտեսությունն ընդհանուր առմամբ վնասներ կրելու է։ Նավթի գնի նվազմանը զուգընթաց առաջին հայացքից ոգևորություն կարող է առաջանալ սպառողների մոտ, որ բենզինի, գազի գները կարող են նվազել։ Այդպիսի գնային տատանումներ չենք կարող կանխատեսել, չնայած՝ գազի գները համաշխարհային առումով նվազման միտում են գրանցել, սակայն Ռուսաստանը սա հաշվի չի առնում, քանի որ գերիշխող դիրք ունի շուկայում։ Սա պետք է անպայման հաշվի առնենք», - նշեց Մանասերյանը։

Տնտեսագետը գազի գնի վերաբերյալ Հայաստանի կառավարության տնտեսական դիվանագիտությունը անբավարար գնահատեց․ 

«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ ընդհանրապես գաղափար չունեն, թե ինչ է տնտեսական դիվանագիտությունը, ինչի պատճառով էլ անընդհատ տուժում ենք։ Ռուսաստանը փայլուն ձևով է տիրապետում այդ դիվանագիտությանը։ Այս հարցում Ռուսաստանն իր շահերն է պաշտպանում բնականաբար։ Իսկ Հայաստանի կառավարությունը պետք է նախ սովորի այդ գործիքակազմը, հետո գիտակցի, որ նման իրավիճակներում շատ դժվար է լինելու Ռուսաստանի հետ բանակցել բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ գազի վերաբերյալ»։

Վերադառնալով նավթի պահանջարկի նվազման հարցին՝ տնտեսագետը նկատեց, որ աշխարհում նոր էներգակիրների ծավալներ են ավելանում, դիվերսիֆիկացիայի բազմազանություն է առաջանում, ինչը նոր նարավորություններ է տալիս պոտենցիալ սպառողներին։ Սրան զուգահեռ նավթի պահանջարկը նվազում է։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը թույլ կտա տեսանելի ապագայում համարձակ կանխատեսումների հանգել։ 

«Նույնիսկ, եթե կորոնավիրուսը չլիներ, նավթի գնանկման տենդենցը նկատվում էր, երբ ԱՄՆ-ն և Կանադան 5-6 տարի է, ինչ, սկսել էին նավթ արդյունահանել, դա անխուսափելիորեն հանգեցնելու էր նավթի պահանջարկի նվազման», - ասաց Թաթուլ Մանասերյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ արտագնա աշխատանքի մեկնած հայերի վրա նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ իրավիճակը՝ տնտեսագետը նշեց․

«Կարող ենք կանխատեսել, որ արտագնա աշխատանքի մեկնած հայրենակիցների արդեն մոտ 70 տոկոսը վնասներ է կրել այս իրավիճակից։ Հայաստանի կառավարությանը պետք է մտահոգի նաև նրանց կողմից դեպի Հայաստան իրականացվող մասնավոր դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները, որից կախվածություն ունի մեր տնտեսությունը։ Արդեն կան նաև մարդիկ, որոնք առանց բանկերի են իրենց հարազատներին գումար ուղարկում, որպեսզի բանկերում միջնորդավճար չտան», - նշեց տնտեսագետը։ 

Ինչ վերաբերում է նավթի գնի անկման ֆոնին արտարժույթային տատանումներին, Մանասերյանը նշեց, որ Հայաստանը շահեկանորեն տարբերվում է տարածաշրջանի բոլոր երկրներից, որովհետև բոլոր երկրներում նկատվել է երկնիշ թվերով արժեզրկում՝ անկախ համավարակից և ճգնաժամերից։ Նրա պնդմամբ՝ Հաայստանը այդ վտանգի զոնայից հեռու է՝ հավելելով, որ համաշխարհային տնտեսության մասշտաբով բացասական տենդենցների ազդեցությունը միանիշ թվով է անդրադառնում Հայաստանի վրա։ 

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ՝ Հայաստանում դրամի արժեզրկում ևս չի կարող տեղի ունենալ․ «Թուրքիայիում, Իրանում, Ադրբեջանում գերարժեզրկում է տեղի ունեցել։ Ադրբեջանը, հսկայական նավթադոլարներ կուտակելով, չկարողացավ զերծ մնալ ցնցումներից, անգամ՝ 2 բանկ սնանկացավ, իսկ Հայաստանում այդպիսի դեպքեր չեն եղել։ Հայաստանն այնպիսի տնտեսություն ունի, որը կախված չէ նավթից, գազից, իսկ Կենտրոնական բանկը կարողանում է հմուտ կերպով աշխատել՝ լողացող փոխարժեքի համակարգի միջոցով»։

Սոնա Գրիգորյան