Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան տան, զիջեն, փոխանակեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին քննարկումների շուրջ քանի դիտարկում: Նա մասնավորապես նշել է, որ Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն:  

«Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է հայն է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու»,- գրել է Պողոսյանը և հավելել, որ տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան, առաջարկներ կանեն՝ միշտ իրենց երկրների շահերից ելնելով:

«Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ ուորլիքների, ո՛չ իշինգերներ, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք:

Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք»,- գրել է Պողոսյանը: