Քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք ու մարդկանց մի դրդեք ծայրահեղ քայլերի.Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News  

․

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ կոմունալ ծախսերը վճարելու հորդորին, Ֆեյսբուքի իր էջում գրել է:

«Ով է էս «գրանդիոզ» գաղափարի հեղինակը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ակնհայտորեն գերազանցելով իր լիազորությունները, հորդորում է քաղաքացիներին վճարել կոմունալ ծախսերը, քանի որ հանձնաժողովը մտածել ու որոշել է, այսօրվանից կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը վերացել է։
Փաստորեն, էս հանձնաժողովը որոշել է, որ եթե սոցիալական որոշ խմբերի հաշվի համարի վրա 27, 67 կամ 100 հազար դրամ են փոխանցել, պարետի կոչով տանը նստած չաշխատող քաղաքացին պիտի վազի գազ-լույս-ջուր մուծի ու գա տուն` «գալադովկա» անի։ Իսկ այն հազարները, ովքեր խելոք տանը նստած են ու աջակցության ոչ մի «պակետում» չկան, նրանց գազ-լույս-ջուր եռամիասնությունը կանջատվի ու վերջիններս անլույս ու անգազ «գալադովկա» կանեն։
Հա, չմոռանաք հանկարծ, որ հազարավոր ընտանիքներում հոսանքի անջատման հետ ինտերնետն էլ է գնալու, ու երեխաները հրաժեշտ են տալու հեռավար ուսուցմանը։

Եւ ուրեմն, քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք էս վատ, շատ վատ գաղափարն ու մարդկանց մի դրդեք ծայրահեղ քայլերի։
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք»։