Դիվանագիտական ճակատում, համատարած նահանջ է տեղի ունեցել․ Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հայ հասարակության համար բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը՝ Արցախյան բանակցություններում վերջին մեկ տարում հայկական կողմը լուրջ հետընթաց է ապրել, և դա տեղի է ունեցել բազմաթիվ պատճառներով։

Երբ բարեկամական Ֆրանսիայի քաղաքները հերթով խզում են համագործակցության պայմանագրերը Արցախի բնակավայրերի հետ, Հայաստանի գործող իշխանությունը նախընտրում է դա անուշադրության մատնել։ Երբ բարեկամանական Իտալիայի կառավարությունը հայտարարություն է անում Արցախյան կարգավորման մասին, որում այլևս չի նշվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, դրա մասին նախընտրում են չխոսել։ Երբ ևս բարեկամական Կանադայի ԱԳՆ-ն դատապարտում է Արցախում տեղի ունեցած ընտրությունները, դա ներայացվում է որպես մանր թյուրիմածություն։ Էլ չեմ ասում Ուկրաինայի, Վրաստանի, և նաև այն երկրների արձագանքները, որոնք մեր նկատմամբ առանձնապես բարեկամական տրամադրությամբ մինչ այժմ աչքի չեն ընկել։ Իրականում, դիվանագիտական ճակատում, համատարած նահանջ է տեղի ունեցել, համարյա բոլոր ուղղություններով, չկա գեթ մի երկիր, մի միջազգային կազմակերպություն, որն այս ընթացքում ուժեղացրել է իր հայանպաստ դիրքորոշումը։

Մենք հաճախ հակված են մեր դժբախտություններում մեղադրել արտաքին ուժերին, նրանց ուխտադրժությունը, մեր նկատմամբ կանխակալ վերաբերմունքը, և այլն։ Մենք հազվադեպ ենք մեզ հարց տալիս՝ իսկ ինչո՞ւ է այդպես տեղի ունենում, ի՞նչ ենք մենք ինքներս սխալ անում։ Ինչու մեկ տարվա ընթացքում, ունենալով հրաշալի շանս նոր էջ սկսել բազմաթիվ երկրների հետ հարաբերություններում, ամրապնդել մեր միջազգային դիրքերը, ներկայանալ որպես տարածաշրջանում առաջընթացի և զարգացման առաջամարտիկ, հուսալի գործընկեր, կայուն դաշնակից, մենք հասել են այն օրվան, երբ նույնիսկ մեր մերձավոր դաշնակիցները սկսում են երես թեքել մեզանից։

Հայաստանի ցանկացած իշխանություն՝ սև, սպիտակ, թե մանուշակագույն, առաջնային պարտականությունն է այսօրվա բարդ աշխարհում զարգացնել հարաբերությունները մեր երկրի նկատմամբ դրական տրամադրված բոլոր պետությունների հետ, դրանով ուժեղացնել մեր դիրքերը միջազգային ասպարեզում, դրանով էլ հասնել մեր համառ առանցքային հարցերում հայանպաստ տեղաշարժերի, և ապահովել մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը։ Սա այն ոլորտն է, որտեղ սխալները շատ թանկ են, կորուստները՝ հաճախ անդառնալի, և որտեղ պետք է առավելագույն պատասխանատվություն, խոհեմություն, և նաև համապատասխան ռեսուրսներ և հնարավորություններ։ Եթե այդ ամենը չի բավարարում գործող իշխանությանը, այն պետք է առնվազն գիտակցի սեփական սահմանափակումները, և փորձի այլ ուժերի հետ մտնել անկեղծ և շահագրգիռ երկխոսության՝ հայության հավաքական ներուժը երկրի միջազգային դիրքի և անվտանգության ծառայեցնելու նպատակով։

Երեկ մեր կուսակցության Խորհուրդը հայտարարություն է ընդունել այս կապակցությամբ, ըստ էության վերահաստատելով նախկինում մեր արտահայտված մոտեցումները, սակայն էապես կոշտացնելով մեր դիրքորոշումը գործող իշխանության նկատմամբ։ Մեր ժամանակը անվերջ չի, և դիվանագիտական հարթության մեջ իրական շրջադարձը պահանջում է հայությունից ուժերի առավելագույն լարում։ Անկեղծ հուսով եմ, որ պարոն Լավրովի հայտարարությունը սթափեցնող ազդեցություն կունենա գործող իշխանության վրա, և վերջապես առիթ կհանդիսանա՝ դադարեցնելու երկիրը մաշող ներքին երկպառակությանը, լայն երկխոսություն սկսելու հասարակության տարբեր հատվածների հետ, և վերակազմավորելու մեր ուժերը»։