90 % և ավելի ՄՈԳ-ով ուսանողների վարձը կփոխհատուցվի. COVID-19-ի՝ 14-րդ ծրագիրը հաստատվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

մոգ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը հաստատվեց. այն վերաբերում է ուսանողներին: Ծրագիրը քննարկվել է կառավարության՝ ապրիլի 23-ի նիստի ժամանակ:

Ըստ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ միջոցառման շահառու են բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս: Նրանց կհատկացվի 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում։

Վարկերի տրամադրման նոր պայմաններ կլինեն այն ուսանողների համար, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուստարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 և ավելի տոկոսն է կազմում։

Ըստ որոշման՝ նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020-ի մայիսի 1-ից մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։ Իսկ եթե հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։ 

Որոշման քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ այս պահին 11 150 վարկ ունեն գործող, որոնց տրամադրման պայմանները հեշտացվել են: Օրինակ, վարկերի համար երաշխավորություններ ծնողների կողմից պետք չեն, և գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար և մերժվի:

«Կարող ենք արձանագրել, որ մեր այն քաղաքական հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից, հարյուր տոկոսով կատարվում է», - թեմայի քննարկման ժամանակ ընդգծել է վարչապետը: