Նա իրապես հայրենասեր, ազգասեր մտավորականի վառ օրինակ էր. ԿԲ նախագահը՝ Թավիթյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

.

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ցավակցական ուղերձ է հղել բարերար Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ. 

«Խորը կսկիծով տեղեկացա Մեծ բարերարի, գործարարի և պարզապես մեծ հայորդու՝ Ասո Թավիթյանի անժամանակ մահվան մասին: Ասո Թավիթյանի հետ ինձ կապում են երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները:

Նա իրապես հայրենասեր, ազգասեր մտավորականի վառ օրինակ էր, մարդ, ով իր ողջ գիտակից կյանքի ընթացքում հավատարիմ մնաց իր ազգային ինքնությանը և իր ողջ ներուժը ծառայեցրեց հայրենիքի շենացմանը, սփյուռքում հայապահպանության ու հայանպաստ նախաձեռնությունների իրականացմանը: Նա չէր ցանկանում, որ իր մասին խոսեն և երբեք չէր սպասում գնահատանքի կամ երախտիքի խոսքերի, նա պարզապես անխոնջ ծառայում էր իր ազգին ու հայրենիքին:

Անգնահատելի է Թավիթյանի դերը ժամանակակից սերնդի՝ հատկապես հանրային ծառայության մեջ ներգրավված երիտասարդ մասնագետների կրթման գործում: Ավելի քան երկու տասնամյակ իր կողմից ստեղծված հիմնադրամի ֆինանսավորմամբ կենտրոնական բանկի շուրջ 100 աշխատակից հնարավորություն ստացան իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները զարգացնել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում:

Նրա անմիջական աջակցությամբ կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի անդամներ հնարավորություն ստացան ուսումնառել Հարվարդի, Կոլումբիայի, Չիկագոյի համալսարաններում: Դա միայն գիտելիքի աղբյուր չէր մեր աշխատակիցների համար, դա նաև նոր մտածելակերպի ու աշխարհայացքի ձևավորման կարևորագույն հարթակ էր:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Թավիթյանի հետ իմ բազմաթիվ հանդիպումները: Նա երբեք առիթը բաց չէր թողնում այցելելու Կենտրոնական բանկ: Մեծ ոգևորությամբ ընդունեց Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի բացման փաստը և բարձր գնահատանքի արժանացրեց մեր կողմից տնտեսագիտության բնագավառում գիտահետազոտական ներուժի զարգացմանը և միջազգային առանցքային գիտական և ուսումնական կենտրոնների հետ համագործակցության խորացմանը միտված ջանքերը:

Իմ վշտակցությունն եմ հայտնում Ասո Թավիթյանի հարազատներին, նրա կրթական նախաձեռնության հարյուրավոր շրջանավարտներին: Նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ հանրային կառավարման ոլորտում իր անգնահատելի ներդրումը՝ համոզված եմ կհավերժացվի նրա սիրելի «Թավիթյան շրջանավարտների» կողմից»: