Ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները՝ արտակարգ իրավիճակի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, տեղեկացնելով, որ Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումներն այս անգամ կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով այժմ կիրառվող առողջապահական սահմանափակումները։ ՀՀ կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները արտակարգ իրավիճակի պայմաններում.

«Ինչպես արդեն տեղեկացվել է, Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից և Արցախից, 0037433191500՝ արտասահմանից՝ նշելով անուն-ազգանուն:
Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել մինչև 5 անուն-ազգանուն, խիստ ցանկալի է՝ հայատառ: Հաղորդագրությունների արժեքը կլինի սիմվոլիկ 1 դրամ:

Շուրջ 160 մասնակից երգչախումբ և նվագախումբ հանդես կգան օրը խորհրդանշող բազմաժանր ելույթներով. կհնչեն ժողովրդական ստեղծագործություններից մինչև միջնադարյան երաժշտության ջազային կատարումներ: Կպահպանվեն անվտանգ հաղորդակցության հնարավոր բոլոր միջոցները՝ սկսած երաժիշտ-կատարողների թվից՝ խմբում առավելագույնը 2-5 հոգի:

Առանց բացառությունների՝ կոչ է արվում քաղաքացիներին Ապրիլի 24-ին մնալ տանը, հետևել կառավարության նախաձեռնած միջոցառումներին՝ այդպիսով ապահովելով յուրաքանչյուրի խորհրդանշական մասնակցությունը, բացառել որևէ տարբերակով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ծաղիկ, ծաղկեպսակ փոխանցելը։
Օրվա կարգախոսն է՝ «Հարգենք հիշատակը՝ հարգելով կյանքը»։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ այսօր կայացած մամուլի ասուլիսին հստակեցումներ են արել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը.

«Հերթական անգամ առիթ ունենք ինքներս մեզ և աշխարհին ցույց տալու դժվարին պահերին կենտրոնանալու և միասնական դառնալու մեր կամքն ու պատմական կարողությունը: Եվ կոչ եմ անում տանը մնալով ակտիվորեն մասնակցել կառավարության առաջարկած ձևաչափերով միջոցառումներին և այդկերպ մեր ուղերձը հասցնել աշխարհին»,- եզրափակել է Արայիկ Խզմալյանը: