2000-2001-ին ծանր հանցագործություններ կատարած բանդայի 2 անդամների գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

դատախազություն

Դեռևս 2000-2001 թթ. հարուցված բազմաթիվ քրեական գործերի միացված վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված հսկայածավալ քննությամբ պարզվել և հիմնավորվել են հանցավոր բանդայի կողմից իրականացված բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման փաստեր: Այդ մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մասնավորապես, 2000-2001 թթ. Աշոտ Զատիկյանի կողմից ձևավորվել և ղեկավարվել է հանցավոր խմբավորում, որում ի սկզբանե ներգրավվել և բանդայի կողմից կատարված բոլոր հանցագործություններին մասնակցել է Էջմիածին քաղաքի բնակիչ Գ. Մաչանյանը: Հանցավոր խմբավորման կազմում ընդգրկվել են ապօրինաբար թմրամիջոց օգտագործելու, շորթում, գողություն, դիտավորյալ սպանություն կատարելու, ավազակային հարձակման և այլ հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտված, ինչպես նաև այլ բազմաթիվ անձինք:

Որպես բանդայի հավաքատեղի օգտագործվել են Ա. Զատիկյանի կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարանները, Երևան քաղաքի «1-ին մաս» կոչվող թաղամասում գտնվող «Երևան-Վայք» երթուղային տաքսիների հավաքակայանի տարածքը, որտեղ որպես վարորդ աշխատել են բանդայի երկու անդամներ:

Ա. Զատիկյանը ձեռք է բերել և հանցագործությունը կատարելիս օգտագործել միլիցիայի համազգեստ, պատրաստել է միլիցիայի աշխատակցի վկայական, հանցագործությունների գերակշռող մասը կատարելիս տուժողներին ներկայացել է որպես միլիցիայի աշխատակից՝ յուրացնելով պաշտոնատար անձի կոչումը:

Բանդայի մի շարք անդամների հանձնարարվել է նաև հանցագործությունների կատարման համար տրամադրել հանցագործության գործիքներ և միջոցներ: Մասնավորապես խմբի որոշ անդամներից պահանջվել են իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաները, որոնք խմբավորման անդամներին տրամադրվել են օգտագործելու որպես հանցագործությունների կատարման միջոցներ: Բացի այդ՝ ավտոմեքենաների վրա փակցնելու համար, կոնկրետ հանցագործությունների նախապատրաստական փուլերում, նախապես հափշտակվել ու բանդային են տրամադրվել տարբեր պետհամարանիշներ։

Ա. Զատիկյանը մշակել է հանցագործությունների կատարման պլաններ, բանդայի անդամների միջև կատարել դերաբաշխումներ, իրականացրել ողջ հանցավոր գործունեության ու կոնկրետ հանցագործությունների կատարման ղեկավարումը, ձեռնարկել է միջոցառումներ բանդայի գոյության ու հանցավոր գործունեության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:

Ա. Զատիկյանը Գ. Մաչանյանի հետ միասին ապօրինի կերպով ձեռք է բերել, կրել, պահել և խմբավորման անդամներին զինել հրազեններով, ռազմամթերքով ու սառը զենք հանդիսացող դանակներով: Դրանց գործադրմամբ 2000-2001թթ. կազմակերպել և իրագործել են ավազակային հարձակումներ, կողոպուտներ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ 2 անձի, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանության գծով պաշտոնեական գործունեության կապակցությամբ միլիցիայի /ոստիկանության/ աշխատակցի սպանություն:

Հարձակումների թիրախ են ընտրվել բենզինի լիցքավորման կայանները, տարադրամի փոխանակման կետերը, ինչպես նաև ոսկու առևտրով և տարադրամի փոխանակմամբ զբաղվող առանձին անձինք, որոնք ենթարկվել են տարատեսակ բռնությունների: Ընդհանուր առմամբ բանդայի հանցավոր գործողություններից տուժել է 35 անձ:

Միաժամանակ, խմբավորման ղեկավարը հիմնական դերակատարների հետ կազմակերպել ու իրականացրել են միջոցառումներ հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելու ուղղությամբ:

Քրեական գործով Աշոտ Զատիկյանի և բանդայի 9 անդամների վերաբերյալ անջատված մասերը տարբեր ժամանակահատվածներում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Դատաքննությունների արդյունքում վերջիններս դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, այդ թվում Աշոտ Զատիկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

2001թ. հոկտեմբերի 27-ին բանդայի պարագլուխներից Գ. Մաչանյանի, ինչպես նաև բանդայի անդամներից մեկի՝ Տ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում: Հետագայում նրանք հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին: Արդյունքում Գ. Մաչանյանին 2020թ. մարտի 2-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերով, 222-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Տ. Խաչատրյանին՝ 2020թ. ապրիլի 3-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /3 դրվագ/:

Նշված անձանց հանցավոր գործողությունների արդյունքում տուժողներին պատճառվել է շուրջ 33.5մլն ՀՀ դրամի նյութական վնաս: Նրանց անվամբ գրանցված գույքերի վրա արգելանք է կիրառվել:

Գ. Մաչանյանի և Տ. Խաչատրյանի մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեական գործի՝ հետախուզման մեջ գտնվող մեկ մեղադրյալի և բանդայի հարձակումներին մասնակցած մյուս՝ քննությամբ չպարզված անձանց կապակցությամբ անջատված մասով քննությունը շարունակվում է: