ՍԴՀԿ-ն պահանջում է ճանաչել ցեղասպանությունը,բացել Հայաստանի և Թուրքիայի երկխոսության դուռը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ծիծեռ

Ս.Դ.Հ.Կ Կենտրոնական Վարչությունը ցեղասպանության 105-րդ տարելիցին ուղերձ է հղել է՝ ևս մեկ անգամ կոչ անելով Թուրքիայի իշխանությանը ճանաչել 1915 թվականին կատարվածը և բացել դուռը Հայաստանի և Թուրքիիայի միջև բաց երկխոսության համար:

«Այսօր համայն մարդկության համար դժվարին պայմանների ներքո ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 105-ամյակը և հակառակ այն հանգամանքին, որ ոգեկոչման հրապարակային ձեռնարկներն ու քայլարշավները փոխարինվել են առցանցային ու խորհրդանշական միջոցառումներով, մենք շարունակում ենք մնալ հաստատակամ մեր իրաւունքների հետապնդման ու արդարության վերականգնման պայքարում:
 
Մյուս կողմից Թուրքիո կառավարությունը շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և մերժում է առերեսվել իր պատմության սև էջերի հետ: Սակայն, ի հեճուկս Թուրքիո իշխանություններին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակում է գրանցել նորանոր հաջողություններ, հատկապես անցյալ տարի ԱՄՆ Ծերակույտի և Ներկայացուցիչների Տան կողմից Ցեղասպանության ճանաչումը վերահաստատող զույգ բանաձևերի ընդունումով՝ հակառակ թրքական բացահայտ սպառնալիքներին և ճնշումներին:
 
Այս առիթով մենք վերստին ուզում ենք գնահատանքի և երախտագիտության խոսք հղել ԱՄՆ կոնգրեսի անդամներին և Թուրքիո այն խիզախ մտավորականներին, որոնք շարունակում են պայքարել հանուն ճշմարտության: Նաև մի անգամ ևս կոչ ենք անում թրքական կառավարության վերջապես ընդունել Ցեղասպանության փաստը և այդպիսով դուռը բացել Հայաստանի և Թուրքիո միջև բաց երկխոսության:    
 
Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը պայքարում է համաճարակի դեմ, մենք գոհունակությամբ ականատես ենք լինում հայ ժողովրդի միասնականության ու մարդասիրական ոգու դրսևորման, երբ զանազան հայահոծ գաղութներում նախաձեռնվում են նպաստաբաշխումներ և այլ օգնություններ համաճարակի հետևանքով կարիքավոր դարձած ընտանիքներին և անհատերին: Վստահ ենք, որ Հայաստանի և սփյուռքի տարածքին միասնական ջանքերով պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին հանգրվանը և գալիք տարիներին վերանորոգված եռանդով ու բազմահազար շարքերով պիտի շարունակենք բարձրացնել մեր բողոքի ձայնը հանուն արդարության ու հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման:
 
Հիշու՛մ ենք և պահանջու՛մ: 
 
Ս.Դ.Հ.Կ Կենտրոնական Վարչություն
Ապրիլ 24, 2020»,-նշված է ուղերձում: