Պետք է առաջ գնանք՝ չմոռանալով կատարվածը․ լրացավ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

105 տարի առաջ՝ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից Արևմտյան Հայաստանում 1,5 միլիոն հայ բնաջնջվեց և տեղահանվեց հայրենիքից: Հայերի կոտորածը ծրագրեց և կազմակերպեց Օսմանյան կայսրությունում՝ երիտթուրքերի իշխանությունը, ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը: Ամբողջ հայությունն այսօր՝ ապրիլի 24-ին հարգում է նահատակված հայերի հիշատակը: 

Այս տարի ցեղասպանության 105-րդ տարելիցը բացառիկ էր։ Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման օրը հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ էին։

Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ այս օրը ստիպված էին մնալ տանը և չայցելել հուշահամալիր։ Ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին իրենց հարգանքը մարդիկ դրսևորեցին երեկ՝ ապրիլի 23-ին՝ երեկոյան մասնակցելով ցեղասպանության տարելիցին նվիրված լուսավառ ոգեկոչման արարողությանը։ 

«Պետք է առաջ գնանք՝ չմոռանալով կատարվածը, մեր քայլերով պետք է այնպես անենք, որպեսզի աշխարհը իմանա ամբողջ ճշմարտությունը Ցեղասպանության մասին»,- 24News-ի հետ զրույցում ասում են քաղաքացիները։ Նրանք նաև նշեցին, որ անհամբերությամբ սպասել են ապրիլի 23-ի լուսավառության արարողությանը, որպեսզի մասնակցեն, իրենց հարգանքի տուրքը մատուցեն զոհերի հիշատակին և ցույց տան իրենց միասնական լինելը։ 

Այսօր՝ ապրիլի 24-ին հուշահամալիր այցելեցին և զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին միայն Հայաստանի և Արցախի իշխանության ներկայացուցիչները և մի քանի այլ պաշտոնատար անձինք։ 

1915-ից սկսած՝ տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։ Մինչև օրս հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և որպես ցեղասպանություն է ճանաչել աշխարհի 34 երկիր։ Տարիներ շարունակ բազմաթիվ ճնշումների ենթարկվելուց հետո ժխտված արդարությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ հայության համար: Քաղաքացիները ևս նշում են՝ պետք է բարձրաձայնել տեղի ունեցածի մասին և հասնել արդարությանը։

Սոնա Գրիգորյան