Չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության փաստի շուրջ միասնական լինելը․ Լորան Վոքիե

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

․

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն չափազանզ կարևոր է համարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի օրը։ Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված տեսաուղերձում:

«Այսօր ապրիլի 24-ն է, և մենք մի վայրում ենք, որը չափազանց կարևոր է մեզ համար։ Սա Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրն է։ Հիմա մեկուսացման ժամանակն է, սակայն այս մեկուսացման մեջ մի կարևոր խորհուրդ կա, որը ես չէի ցանկանա, որ մոռացվի։ Դա այս օրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով սկսելու փաստն է։ Ինձ համար դա կարևոր էր»,- ընդգծեց Լորան Վոքիեն։

Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահը չափազանց ազդվել էր Հայաստան կատարած իր այցից։ Նա հիշում է, թե ինչ էր զգում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ քարե սյուներ էին բարձրանում, և որը գրեթե ֆիզիկապես հիշեցնում էր այն ցավը և սարսափը, որն իր մեջ կրում էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

«Ես տպավորված էի հայ ընտանիքների հետ զրույցներից, որոնցից գրեթե յուրաքանչյուրը իրենց ընտանիքներում ունեին մեկը, որը զոհ է դարձել այդ բարբարոսությանը։ Պատմությունը նույնպես քիչ հայտնի է մեր երկրում, այն, ինչ կապված է դեպի Սիրիայի անապատներ այդ զանգվածային տեղահանությունների հետ։ Դուք գիտեք, որ մենք մեծ աշխատանք ենք տարել մեր տարածաշրջանում։ Արցախի հետ քույր քաղաքների հաստատման փաստը, որը ես չեմ ցանկանում մոռանալ այս ընթացքում, մեր շրջանի բոլոր դպրոցներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքերի բաժանման փաստը և հայ ժողովրդի կողքին լինելու հանգամանքը։ Այո, հիմա մեկուսացման ժամանակ է, բայց այս մեկուսացման պահին կան կարևոր բաներ, որոնք մենք չպետք է մոռանանք։ Հայոց ցեղասպանության փաստի շուրջ մի պահ միասնական լինելը, այդ կարևոր պահերից մեկն է»,- ասաց Լորան Վոքիեն։

Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ապրիլի 24-ին մտքեր կունենան հայ ընտանիքների, Հայաստանի և առաջին ցեղասպանության մասին, որով սկիզբ դրվեց բարբարոսության մուտքը 20-րդ դար։