Հաղթանակ թաղամասից հայր ու որդի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

կրակոց

Երևանում ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել: Ժամը 01։20-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում։ Այդ մասին գրում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ մինչ ոստիկանները պարզում էին դեպքի վայրը, ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են «Հաղթանակ» թաղամասի 4-րդ փողոցի բնակիչներ, 62-ամյա Հարություն Պետրոսյանը՝ «Կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ չթափանցող հրազենային վերք» և 27-ամյա Դավիթ Պետրոսյանը՝ «աջ ազդրի հրազենային փակ կոտրվածք, ազդոսկրի կոտրվածք՝ ազդոսկրի տեղաշարժով» ախտորոշմամբ։

Ըստ բժիշկների՝ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին դեպքի որոշ մանրամասներ չեն հրապարակվում։

Ըստ աղբյուրի՝ վիրավորները հայր ու որդի են։ Վիրավորների կյանքը հնարավոր է եղել փրկել՝ շնորհիվ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բժիշկների։