Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 1, 24News

Thumbnail

Ադրբեջանը հայկական կողմին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին: Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել է աղբյուրը։

Ըստ գործակալության տվյալների զրուցակիցն ասել է, որ Հայաստանին պաշտոնական առաջարկություն է արվել փոխանակել երկու կողմում պահվող անձանց՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով, բայց Երևանից դեռևս ոչ մի արձագանք չի եղել:

Աղբյուրը նաև նշում է, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղրամյանը, Կարեն Զազարյանը և Զավեն Կարապետյանը:

Հայկական կողմում պահվում են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

«Ինտերֆաքս-Ադրբեջանը» նշում է, որ հայկական կողմում է ևս մեկ Ադրբեջանի քաղաքացի՝ Էլնուր Հուսեյնզադեն։