Ծիծեռնակաբերդ այցելելն անգամ ծանոթո՞վ է. ընդդիմությունը վիրավորված է 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News     

քաղաքական

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավորները վիրավորված են՝ ինչպե՞ս է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի մուտքն իրենց համար փակ է եղել, մինչդեռ Երևանի քաղաքապետն ու մարզպետները բարձունքում տեսահոլովակ են թողարկել: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը 24News-ի հետ զրույցում նշեց՝ արարողակարգի համար պատասխանատուները խմբակցության ներկայացուցիչներին ասել են՝ Ծիծեռնակաբերդ են գնալու վարչապետը, Հանրապետության նախագահը, Աժ նախագահն ու Վեհափառը։ Դե կարգը կարգ է։ 

«Բայց կադրերում տեսանք նաև  իշխանական ապարատի այլ ներկայացուցիչների՝ մարզպետներից մինչև Երևանի քաղաքապետ։ Կարծում եմ՝ սա արարողակարգային կոպիտ սխալ է, որը հետագայում չպետք է կրկնվի։ Եթե այդ ֆորմատն էր ընտրվել, պետք է հուշահամալիր բարձրանային նաև առնվազն խմբակցության ղեկավարներն ու արտախորհրդարանական ուժերի առաջնորդները։ Ես Ապրիլի 24-ը միասնական ոգեկոչման ու պահանջատիրության օր եմ համարում։ Խոնարհաբար աղոթում եմ անցած դարասկզբին տեղի ունեցած ամենամեծ ոճրի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների համար։ Խաղաղություն ու հզորացում հայոց երկու պետությունների, իսկ այսպիսի սխալներն անցողիկ են»,-ասում է Գրիգորյանը:

Մեզ հետ զրույցում նույն տեղեկությունը փոխանցեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Ի սկզբանե նրանք էլ են իմացել, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կարող են այցելել բացառապես բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները:

«Իհարկե հասկանում եմ, որ անվտանգության նկատառումներով անհրաժեշտ էին նման սահմանափակումները, սակայն եթե խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում պատգամավորները զրկված էին հուշահամալիր բարձրանալու և անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից, ապա ինչպես հասկանալ քաղաքապետ Մարությանի և մարզպետների մասնակցությամբ արդեն իսկ հայտնի տեսահոլովակի նկարահանումները: Քաղաքապետի ու մարզպետների մասնակցությամբ «կլիպ» նկարահանելու թույլտվությանը զուգահեռ թերևս կարելի էր նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին էլ հնարավորություն ընձեռել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Թե չէ ստացվում է, որ անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելն էր ծանոթ-բարեկամով»,- ընդգծում է Տոնոյանը:

Վրույր Սևակ