Գիշերը ծեծի են ենթարկել փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News 

հասարակական

Ապրիլի 24-ի երեկոյան ժամը 22։30-ի սահմաններում, Մալաթիա վարչական շրջանում ծեծի են ենթարկվել փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատները՝ դուստրը, փեսան, նրա ծնողները և քույրը։ Տեղի ունեցածի վերաբերյալ 24News-ին պատմեց Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Գիշերը 5-6 հոգի՝ միտումնավոր, թե այլ ազդեցության ներքո սկսել են հայհոյել բակում։ Ընտանիքի փեսան դուրս է եկել հորդորելու, որ հեռանան և չխանգարեն անդորրը, ինչից հետո հարձակվել են փեսայի վրա։ Տարբեր մարդիկ, ընտանիքի անդամները և հարևանները օգնության են հասել, որ բաժանեն նրանց։ Նրանք գազանաբար ծեծի են ենթարկել բոլորին անխտիր, գցել են գետնին հարևանի կանանց, ընտանիքի անդամներին։ Զայրացած են եղել, թե ինչու են բաժանում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը, այնուհետև հավելեց․

«Սեդա Սաֆարյանը նույն հասցեում չի բնակվում, իր աղջկա ընտանիքն է տուժել։ Ծեծի ենթարկվածները բուժօգնություն են ստանում, մարմնական վնասվածքներ ունեն, ստուգումներ են անցնում հիվանդանոցում»։ 

Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ ծեծկռտուքի ժամանակ մեկ հոգի ոստիկանություն է զանգահարել և ասել, որ ոչինչ տեղի չի ունեցել, ապակողմնորոշել է ոստիկանությանը, ինչի պատճառով ժամանակին չեն կարողացել դեպքի վայր ժամանել։ Այնուհետև հավելեց, որ դրդապատճառների մասին դեռ վաղ է խոսել։ 

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ծեծի ենթարկվողների թվում են եղել 4-5 կին, նաև տարեց կանայք, իրենց ընտանիքի բոլոր անդամները, անգամ նախկին ոստիկան։ 

«Ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ սա պատահականություն չէ, ընդհանուր առմամբ, իմ, քրոջս ընտանիքի հետ կատարված դեպքերը պատահականությունների շարքում չեն։ Միանշանակ քաղաքական ենթատեքստ կա, փորձ է արվել բեմականացնել կենցաղային դրվագ։ Մեզ չեն համոզելու, որ սա կենցաղային վեճ է եղել, մենք այլ բան ենք տեսնում։ Քննությունից հետո, երբ մարդիկ ձերբակալվեն, այդ մասին կխոսենք», - նշեց Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքով՝ գիշերը ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, բոլոր բացատրությունները տրվել են։ Այսօր՝ ապրիլի 25-ին հանդիպել են բաժնի պետի հետ՝ հասկանալու ուր է հասել գործի քննությունը։ Ոստիկանությունում այս պահին նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ է հարուցվել։

Սոնա Գրիգորյան