Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին կմնա կալանքի տակ․գրավի միջնորդությունը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News    

Մովսիսյանի տղա

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է պաշտպան Գոռ Գևորգյանը։  

Նրա փոխանցմամբ՝ դատարանին առաջարկված գրավի չափը եղել է 5 մլն ՀՀ դրամ: Պաշտպանը տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը:

Դավիթ Մովսիսյանը գտնվում է «Շուշի» ՔԿՀ-ում, որտեղ, Գ.Գեւորգյանի փոխանցմամբ, թույլ չեն տալիս հանդիպել իր պաշտպանյալի հետ, ավելին՝ Մովսիսյանը զրկված է հեռախոսակապի հնարավորությունից, արգելված է ցանկացած հանդիպում: Գևորգյանի խոսքով՝ բարձրացված խնդիրը որևէ կերպ չհուզեց դատարանին: Հարցին, թե արդյո՞ք դատարանը կաշկանդվածություն ունի Դավիթ Մովսիսյանի գործով, փաստաբանը պատասխանեց, որ երկու վարկած կա, կա՛մ կաշկանդված է, կա՛մ գիտելիքները չի բավարարում արդարացի որոշում կայացնելու համար.«Երկրորդ վարկածին այնքան էլ հակված չեմ հավատալու»:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի:

Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց, որ քրեական գործով տեղի են ունեցել ձերբակալություններ:

Նրանց թվում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի Շմայսի, որդին Դավիթ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։ Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Ավագյանի երեք այլ համածառայակիցների, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ` հրամանատարության հսկողության տակ գտնվելը։

Աղբյուրը` «Փաստինֆո»