«Մուլտի Գրուպի»-ի տնօրենին առնչվող քրգործը վերաբերում է 5 տարվա վաղեմության մի պայմանագրի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News 

իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, այսօր՝ ապրիլի 25-ին, քննվել է «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման վերաբերյալ պաշտպանի ներկայացրած բողոք-միջնորդությունը։ Սեդրակ Առուստամյանը մասնակցել է դատական նիստին։ 24News-ն այդ մասին տեղեկացավ Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանից։

«Քիչ առաջ է նիստն ավարտվել, մոտ երկու ժամից դատարանի որոշումը հայտնի կլինի։ Վարույթն իրականացնող մարմինն էլ կալանավորման միջնորդություն է ներկայացրել», - նշեց Սուքիասյանը։

Պաշտպանը հայտնեց, որ Առուստամյանը ձերբակալվելուց հետո ցուցմունք է տվել, սակայն չմանրամասնեց, թե հիմնականում ինչին է առնչվել ցուցմունքը։ 

«Մեղադրանքն անհիմն է։ Սեդրակ Առուստամյանը գործի հետ որևէ կապ չունի, որևէ անօրինական արարք չի գործել։ Գործն առնչվում է 5 տարվա վաղեմության մի պայմանագրի հետ, որը 2016 թվականին է եղել, քաղաքացիաիրավական հարաբերություններ են», - նշեց պաշտպանը՝ չցանկանալով մանրամասնել, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը։ 

Այն հարցին, թե քրեական գործն առնչվո՞ւմ է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ հավելելով, որ նախաքննական գաղտնիք է։ 

Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը մոտ 18։30-ին դատարանը կհրապարակի բողոք-միջնորդության վերաբերյալ որոշումը։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Սեդրակ Առուստամյանին ձերբակալել է ապրիլի 23–ին։ Դեռևս ԱԱԾ-ից չեն մանրամասնում, թե ի՞նչ քրեական գործով է եղել ձերբակալությունը։ 

Նշենք նաև, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի երկու քրեական գործով. Հյուսիս-հարավ ավտոճանապարհի չարաշահումների գործով նրան մեղադրանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ փողերի լվացման համար: Մեկ այլ գործով էլ՝ մեղադրվում է այն բանի համար, որ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, շարունակել է հիշյալ շինության կառուցումը։

Սոնա Գրիգորյան