Դեպքը պետք է լինի քրեական վարույթով առաջնահերթ պարզելու հարց. ՄԻՊ-ը՝ Սեդա Սաֆարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

միպ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ կիրառված բռնության անթույլատրելիությանը: Այդ մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակ:

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ ստորև.

«Ցանկացած պարագայում է դատապարտելի բռնությունը, որ, ըստ հրապարակումների, կիրառվել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ:

Քանի որ Սեդա Սաֆարյանը կասկած ունի, որ դեպքը կարող է կապված լինել իր մասնագիտական գործունեության հետ, ապա այս հարցը պետք է լինի քրեական վարույթով առաջնահերթ պարզելու ենթակա հարց։ Դա կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։

Երեկ տիկին Սաֆարյանի հետ չստացվեց խոսել. այսօր նորից կկապվեմ։ Հարցը քննարկել եմ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ»:

Նշենք, որ օրերս Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։

Ըստ Սեդա Սաֆարյանի՝ բռնություն գործադրողները եղել են 5-6 «անհավասարակշիռ» մարդիկ։ Նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել՝ պարզաբանում ստանալու, որից հետո վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: