Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. Գոռ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

գոռ

Երևանի Մուշ թաղամասում ապրիլի 24֊ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ հետախուզական գործողություններ։

Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։

Հետագա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, ստուգման առարկա են բոլոր հնարավոր շարժառիթները։

Քննության ընթացքի և արդյունքների մասին հընթացս թույլատրելիության սահմաններում կտրվի համապատասխան տեղեկատվություն»,-գրել է Գոռ Աբրահամյանը։