Տարված ենք վիրուսով. ադրբեջանցիներն ավելացրել են Արցախի սուվերեն տարածքի գնդակոծությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

սահման

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբվյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսի շրջանում սահմանային լարվածության ակտիվությանը:

«Մինչև մենք բոլորս տարված ենք կորոնովիրուսային խնդիրներով, ադրբեջանցիները կտրուկ ավելացրել են Արցախի Հանրապետության սուվերեն տարածքի գնդակոծությունները։

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, միայն այս շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը 3500 անգամ (սա շաբաթական միջին ցուցանիշի եռապատիկն է), դրա հետ մեկտեղ ակտիվացել են ազերիների հետախուզական ԱԹՍ-ների թռիչքները, դրա հետ մեկտեղ հայտնվում է տեղեկություն, որ ազերիները կամաց-կամաց ռազմական տեխնիկա են կուտակում սահմանի մոտ։

Պարզ է, որ ազերիները երբեք չեն դադարի մեզ սպառնալ, սակայն այս հերթական լարվածությունը, որը սադրում է ալիևվյան ռեժիմը, ունի հստակ պատճառ և նպատակ։

Ամենակարևոր պատճառներից մեկը նավթի գնի աննախադեպ անկումն է, ինչը բնականաբար բերելու է շատ լուրջ սոցիալական խնդիրների հասարակ ազերիների շրջանում։

Եվ ինչպես՝ միշտ, ադրբեջանական քաղաքական միտքը որոշեց կրկին շեղել իրենց ցեղակիցների ուշադրությունը սոցիալական խնդիրներից և սադրելով մեզ՝ կրկին ռազմական լարվածություն հրահրել։

Կարճ ասած, դրանք փորձում են մեր հաշվին լուծել իրենց ներքաղաքական խնդիրները։

Ի՞նչ պետք է մենք անենք այս պարագայում, միայն մի բան, մոռանանք ազգադավ և հանցավոր «ժողովուրդների հաշտության» բոլոր շինծու գաղափարները (խոսքը բնավ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների մասին չէ, կարծում եմ՝ հասկացանք՝ ինչ ի նկատի ունեմ) և ազերիների ամեն ոտնձգությանը, պատասխանենք անհամաչափ հարվածներով։

Ազերիների ցեղական ավանդույթ է՝ մինչև չստանան մռութներին, չեն հանգստանա»,-գրել է Աբովյանը: