Դանակահարությունը՝ Նոր Նորքում. 25 և 19-ամյա երիտասարդները ծակած վերքով հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

դանակ

Ապրիլի 26-ին հերթական դանակահարության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։45-ի սահմանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 51 խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ժամը 18։40-ին ոստիկանության նույն բաժնում այս անգամ ահազանգ է ստացվել Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտից՝ հայտնելով, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 54 խումբը իրենց մոտ է տեղափոխել մեկ այլ քաղաքացու։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նոր Նորքի ոստիկանները պարզել են՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվածը Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 19-ամյա Արամ Ս.-ն է, նա հիվանդանոց է տեղափոխվել «ձախ թիակի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ տեղափոխվածը Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 25-ամյա Սամվել Գ.-ն է՝ «կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Վերջինիս վերաբերյալ բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի և Նոր Նորքի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիճաբանությունը, որն այնուհետև ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել Նոր Նորքի 8-րդ զանգվածի 16 շենքի բակում, որի ժամանակ Արամ Ս.-ն և Սամվել Գ.-ն դանակով հարվածել են միմյանց։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ աղբյուրի՝ քրեական հետախույզները պարզել են նաև, որ նշված վիճաբանության ժամանակ Սամվել Գ.-ն հարվածել է Արամ Ս.-ի մայրիկին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է ֆիզիկական ցավ։