Թուրք ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել առերեսվել Հայոց ցեղասպանության հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

թուրք

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն կոչ է արել առերեսվել սեփական անցյալի և Հայոց ցեղասպանության հետ։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին սոցցանցերի իր էջերում Թանրըքուլուն հրապարակումներ է արել՝ օգտագործելով հայերեն և անգլերեն «Երբեք չմոռանալ» հեշթեգը։

«1915 թ․ ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում և տարվեցին Չանքըրը ու Անկարա և անհետ կորսվեցին։ Քանի դեռ անցյալի հետ չենք առերեսվել, վերքերը երբեք չեն բուժվի», - նշել է թուրք պատգամավոր։

Ըստ աղբյուրի՝ թուրքական մամուլը հիշեցնում է, որ տարիներ առաջ նմանատիպ բովանդակությամբ գրավոր հայտարարություն էր տարածել նաև ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ 2016 թվականի ապրիլի 24-ին, այն բանից հետո, երբ Ֆրանցիսկո Պապը և Եվրախորհրդարանը կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Քըլըչդարօղլուն հետևյալ հայտարարությունն էր տարածել․

«1915թ․ տեղի է ունեցել մի մեծ ողբերգություն, որը թե՛ հայերի, թե՛ մուսուլմանների հիշողության մեջ տրավմատիկ հետք է թողել։ Այդ մեծ ողբերգությունից ծագած տրավմայի հետևանքների չեզքացումը մեղադրող, հանդիմանող քաղաքական հայտարարություններով հնարավոր չի լինելու ապահովել։ Այս առումով թե՛ հոգևոր առաջնորդների, թե՛ մնացած բոլորի խնդիրը պետք է լինի այնպես անել, որ անցյալի այդ ողբերգությունը ոչ թե հանգեցնի նոր սերունդների միջև բախումների, այլ նպաստի համատեղ ջանքերով վշտերի ու վերքերի բուժմանը։

Իհարկե, համերաշխ ապագա կառուցելը չի նշանակում մոռանալ անցյալը, ընդհակառակը, դրա համար անհրաժեշտ է անկեղծորեն առերեսվել տեղի ունեցած ողբերգության հետ»: