Երկու օրվա ընթացքում ապօրինի հատվել է 20-ից ավելի ծառ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ են  ստացել, որ Եղեգնուտ գյուղի 61-ամյա մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառահատումներ է արել: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ապրիլի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը բերման  է ենթարկվել  ոստիկանության Գուգարքի բաժին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պարզվել է, որ նա 2019 թվականի նոյեմբերին, երկու օր անընդմեջ, Եղեգնուտ գյուղի հանդամասում բենզասղոցով ապօրինի հատել է 25-ից ավելի տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր: Ըստ բերման ենթարկվածի` փայտանյութի մի մասը երկու ամիս առաջ վաճառել է, իսկ մյուս մասը մոտ 10 օր առաջ անտառտնտեսության աշխատակիցները հատման վայրից բեռնատարով տարել են:

Հանգամանքները պարզվում են: Վնասի չափը ճշտվում է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: