Հայտնաբերվել է Դսեղ գյուղի 27-ամյա բնակչի՝ ապօրինի փայտանյութով բեռնված մեքենան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 27-ին` ժամը 2.30-ի սահմանում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ստուգել են Դսեղ գյուղի 27-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է՝ վառելափայտը պատկանում էր Դսեղ գյուղի 27-ամյա մեկ այլ բնակչի, որը բենզասղոցով ծառերն ապօրինի հատել էր Գուգարքի տարածաշրջանի անտառից՝ Սպիտակ քաղաք տեղափոխելու նպատակով:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: