Խորը ուսումնասիրություն ենք կատարելու Արցախում երեխայի իրավունքի պաշտպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

միպ

«Իմ կողմից ամենասպասված նախագծերից մեկը շուտով մեկնարկում ենք. խորը և համապարփակ ուսումնասիրություն ենք կատարելու Արցախում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Վորլդ վիժն Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: 

Բեգլարյանի փոխանցմամբ՝ մեկ օր է մնացել փորձագետների մրցույթի շրջանակներում հայտեր ստանալու համար. «Բոլոր համապատասխան ու հետաքրքրված անձինք (իրավաբաններ ու սոցիոլոգներ) պետք է շտապեն դիմել մրցույթին: Երևանից արդեն որոշ ուժեղ հայտեր ունենք, բայց շատ կուզեի, որ Արցախից էլ նմանատիպ հայտեր ստանայինք»:

Բեգլարյանը նաև նշել է, որ ուսումնասիրությունը կատարվելու է Մարդու իրավունքների պաշտպանի և «Վորլդ Վիժն Հայաստան» Երեխաների պաշտպանության հիմնադրամի միջև 2020թ մարտի 5-ին կնքված համաձայնագրի շրջանակներում՝ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ գնահատելու համար երեխաների շուրջ 10 իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում և նախանշելու ոլորտի հիմնային բարեփոխման ուղղությունները:

«Մրցույթի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմն ընդունում է հայտեր չորս փորձագետի (ծրագրի համակարգող, միջազգային իրավունքի մասնագետ, սոցիալական ոլորտի իրավաբան, սոցիոլոգ) ներգրավման համար: Փորձագետների գործառույթներն ու պահանջվող որակավորումները ներկայացվում են մեկնաբանությամբ տրված հղումով»,- ասված է գրառման մեջ: