ԵՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համատեղ երկրատեղեկատվական արտադրանք ստեղծելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել ԵԱՏՄ երկրների համագործակցության նախագիծը տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ԵՏՀ հաղորդագրության մեջ:

«Միջպետական ծրագիր մշակելու մասին մեր երկրների նախագահների հանձնարարականից հետո մեկ տարվա ընթացքում միասին աշխատել են տիեզերական գերատեսչությունների և տիեզերական տեխնիկայի արտադրող առաջադեմ ընկերությունների ներկայացուցիչները: Արդյունքում պատրաստ է որակյալ և հեռանկարային փաստաթուղթ»,- ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը:

Նախագիծն այժմ պետք է դիտարկի ԵՏՀ խորհուրդը, այնուհետև այն կուղարկվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաստատմանը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով:

Միջպետական ծրագիրը նախատեսվում է իրագործել 2021-2025 թվականներին: Դրա համար միության երկրները պետք է միասին մի քանի փուլ անցնեն: Առաջինը պետք է միավորել միության անդամ երկրների արբանյակների գործող և հեռանկարային խմբերը: Երկրորդ փուլում ԵԱՏՄ երկրները միասնական տեղեկատվական հարթակ կստեղծեն: Դա թույլ կտա զգալիորեն բարձրացնել տրամադրվող երկրատեղեկատվական ծառայությունների որակը: