«Էրեբունի» ԲԿ-ն հաստատում է մեկուսացված բուժաշխատողների մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

korona.

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հաստատում են մեկուսացված բուժաշխատողների մասին տեղեկությունը։ Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ մեկուսացվածների վերաբերյալ այլ մանրամասների չի կարող հայտնել և առաջարկեց դիմել առողջապահության նախարարություն։ 

ԱՆ-ից նշեցին հետևյալը. «Մենք մասնավոր բուժհաստատությունների վերաբերյալ տեղեկություններ չենք տրամադրում, պետք է ճշտեք հենց Էրեբունի ԲԿ-ից»։ 

Ըստ մամուլում շրջանառվող՝ ավելի վաղ հրապարակված տեղեկությունների՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցների վարակվելուց հետո «Նաիրի» ԲԿ-ում որոշել են երկու բուժհիմնարկներում՝ «Էրեբունիում» և «Նաիրիում», համատեղության կարգով աշխատողներին թույլ չտալ առնվազն 2 շաբաթ աշխատանքի ներկայանալ, որի ընթացքում պարզ կդառնա՝ նրանք վարակվե՞լ են կորոնավիրուսով, թե՞՝ ոչ:

Նաիրի բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ մեկուսացված բուժաշխատողներ չունեն՝ չցանկանալով այլ մեկնաբանություն տալ հրապարակված տեղեկությունների վերաբերյալ։ 

Նշենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների, «Էրեբունիում» բուժաշխատողները վարակվել են մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված հիվանդ պացիենտից: Այս դեպքով 200 բուժաշխատող կա մեկուսացված, որից 23-ը՝ բժիշկ։