Ոչ թե սպանել են, այլ ծանր վիրավորել. բացառիկ մանրամասներ Գավառի «սագայից»

ԵՐԵՒԱՆ, 29  ԱՊՐԻԼ, 24News

դանակ

Երեկ կեսգիշերին Գավառի հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով մի քանի ժամ առաջ սպանության մեջ կասկածվող անձինք ոչ թե մահացել են, այլ ծանր վիրավորվել։ Այդ մասին 24News-ին պատմեց դեպքերի ականատեսը, որը, սակայն, չցանկացավ ներկայանալ։ 

«Իրականում կեսգիշերին մոտ հիվանդանոցի վրա տեղի ունեցավ հարձակում։ Ոստիկանական շղթան կտրեցին ու մտան ներս՝ ճանապարհին կոտրելով իրենց պատահած ամեն ինչ։ Հետո գտել են այն մարդկանց, որոնք, ըստ իրենց տեղեկությունների, սպանել են իրենց հարազատներին ու դանակներով բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Երևի մտածել են, որ սպանել են, որովհետև մինչև սրտին էլ խփել են, նոր դրանից հետո թողել են ու հեռացել։ Սակայն այդ մարդիկ ողջ են, բայց գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանց տեղափոխել են Երևան», - պատմեց մեր զրուցակիցը։ 

Ըստ վերջինիս, հիվանդանոցի բուժաշխատակազմը երեկվա կատարվածից հետո դեռ ուշքի չի եկել, հիվանդանոցի մոտ շարունակում են հերթապահել ոստիկանները։ «Ինչ վերաբերվում է վիրավորներին, նրանց վիճակը շատ ծանր է, գրեթե անելանելի», - նկատեց մեր աղբյուրը։ 

Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ: Կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել էին, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի, 2 հոգի էլ՝ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ: