Կարմիր գծերն սկսել ենք տրորել ամբողջ ուժով․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News 

․

«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ բարձրաձայնել ենք այն մասին, որ անհանդուրժողականության, խտրականության ու ատելության սերմանումը հղի է լուրջ վտանգներով: Այս մասին զգուշացնում էին քաղաքագետները, հոգեբանները, այլ փորձագետները:

Սակայն իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, չցանկացան փոխել իրենց գործելաոճը եւ շարունակեցին օգտագործել այնպիսի բառապաշար, այնպիսի պահվածք, որն աստիճանաբար հասարակության մեջ ավելի ու ավելի էր խորացնում թշնամանքը: Այն, որ երկրում ստեղծվում է «հեղափոխության պահապանների» կասկածելի խումբ, որ երկար տարիների մանկավարժը կարող է կոչ անել մորթել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին ու նրանց ընտանիքներին, այն, որ Ազգային ժողովում բառիս բուն իմաստով բանավեճ չկա, իսկ պատգամավորները միմյանց հետ խոսում են հայհոյանքի լեզվով՝ վիրավորելով նաեւ կնոջը, նշյալ պահվածքի հետեւանքներն են: 

Իսկ դրա առաջին պատասխանատուն օրվա իշխանություններն են: Եթե երկրի վարչապետի շուրթերից հնչում են «սամասուդ», «սատկացնել» արտահայտությունները, եթե վարչապետի աշխատակազմը հայտարարություններ է անում «մեր ունեցած հավաստի տեղեկություններով» ձեւակերպման հանգվույն՝ խախտելով անմեղության կանխավարկածի հնարավոր ու անհնար սահմանները, թշնամանք հրահրելով այս կամ այն ուժի, անհատի հանդեպ, պետք է պատրաստ լինել, որ հասարակությունն էլ կարող է համարժեք արձագանքել: 

Ընդ որում, ոչ միայն սոսկ կենցաղային կամ «քրեական» հողի վրա, այլ նաեւ քաղաքական: Կարմիր գծերն սկսել ենք տրորել ամբողջ ուժով: Թեպետ... գուցե դեռ շատ ուշ չէ: Եթե այդպես է, ուրեմն իշխանությունները դեռ կարող են շտկել իրավիճակը: Եթե ցանկանում են, իհարկե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում