Տիգրան Ավինյանն աշխատանքից չի ազատվել. վարչապետի խոսնակը հերքում է լուրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ավինյան

ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը, որն աշխատանքից ազատվել էր մի քանի ամիս պաշտոնավարումից հետո՝ «Աշտարակ կաթ» ընկերության հետ կապված սկանդալային լուրերից հետո, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: 24News-ի հետ զրույցում վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Ավինյանը շարունակում է պաշտոնավարել:

«Իրականությանը չի համապատասխանում, խնդրում եմ չտրվել սուտ լուրերին, չկա այդպիսի բան։ Որքանով տեղյակ եմ, Աճեմյանը նույնիսկ Հայաստանում չի բնակվում, ինչպե՞ս կարող է նման բան ասել ու այդպիսի լուր ստեղծել, այդ ամենը հեռու է իրականությունից», - 24News-ի հետ զրույցում նշեց վարչապետի խոսնակը։
 
Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե կառավարական ամառանոցում վարչապետ Փաշինյանի և տարածքային ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել Ավինյանի և ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի միջև, ինչը հասել է ձեռնամարտի: «Փաշինյանը ստիպված իր թիկնազորին է հրահանգել հանդարտեցնել կողմերին», - գրել էր Politik.am-ը:

Սոնա Գրիգորյան