«Հեղափոխության պահապաններ»-ի անդամի գրառման համար Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News     

Անի Սամսոնյան

Այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամ Հայկ Ստեփանյանի կողմից իր ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով ՀՀ Ազգային ժողովի երրորդ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Լուսավոր Հայաստան» Կուսակցության և դրա Կառավարման խորհրդի ղեկավար և համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ հրապարակային սպառնալիքներ և բռնության կոչեր է հնչեցնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Միաժամանակ հարցում եմ ուղարկել Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե ինչ ընթացքում է գտնվում նախորդ հաղորդումս, որը կցել էին այդ խմբի կողմից քաղաքացուն ինքնադատաստանի ենթարկելու փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին։

Եվս մեկ անգամ նշեմ․ իրավական պետությունում ինքնադատաստանը տեղ չունի և եթե իրավապահ մարմինները բավարար լուրջ մոտեցում չցուցաբերեն այս երևույթի նկատմամբ և դրա պատասխանատուները չպատժվեն, ապա հավատացած եղեք, որ դա հանգեցնելու է հասարակության, ինչպես նաև պետության ներքին անվտանգության լուրջ սպառնալիքի»,- գրել է նա։