Երկրում տեղի կունենան քաղաքական փոփոխություններ. Սեֆիլյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

սեֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ համաճարակային ճգնաժամը շատ մեծ փորձություն է գործող իշխանության համար: Այդ մասին Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև: 

«Համաճարակային ճգնաժամը շատ մեծ փորձություն է գործող իշխանության համար:

Եթե ճգնաժամը կարճ տևեր, միգուցե իշխանությունը կարողանար հաղթահարել այն:

Սակայն ճգնաժամը երկարաձգվեց, ինչի պատճառով իշխանությունը՝ լինելով ապիկար, կքեց բեռի տակ, և նրա ներսում ճողվածքներ առաջացան:

Այդ պատճառով նա կորցնում է կառավարումը: Երկրում տեղի կունենան քաղաքական փոփոխություններ:

Նման իրավիճակում իշխանությունը պետք է ուշքի գար և փորձեր համախմբել առողջ ազգային ուժերի ռեսուրսը, որպեսզի քաղաքական փոփոխությունները տեղի ունենային հօգուտ մեր ազգի ու պետության, և միասնաբար կարողանայինք հաղթահարել ճգնաժամը:

Մինչդեռ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, գործող իշխանությունը պատրաստվում է երկրի ղեկը հանձնել նախկին ազգադավ ու ոճրագործ ռեժիմի ներկայացուցիչներից և կգբ-ական թափոնից բաղկացած կրեմլահպատակ շրջանակներին:

Տեղի ունեցող գործընթացը բոլոր հայերին ու ՀՀ քաղաքացիներին ուղղված ահազանգ և զգոնության կոչ է՝ համախմբվելու և կրեմլահպատակ կիսագաղութային համակարգից դուրս գտնվող ուժերի ու գործիչների առաջնորդությամբ քաղաքական փոփոխություներն ազգային պետություն կերտելու գործին ծառայեցնելու համար»: