Հարավային Կորեայում փետրվարից ի վեր առաջին անգամ COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

հարավայինկորեա

Հարավային Կորեայում համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ չի գրանցվել COVID-19 վարակի ոչ մի նոր դեպք: Այս մասին հայտնում են ԿՀ-ի առողջապահության նախարարությանը կից հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, փոխանցում է РиаНовости-ն: Օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել միայն 4 մարդու մոտ, որոնք երկիր են ժամանել արտասահմանից։

Ըստ վերջին տվյալների՝ COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 10765-ի, ապաքինվել է 9059-ը, մահացել՝ 247 մարդ:

Երկրում վարակման նոր դեպքերի թվի նվազման կապակցությամբ իշխանությունները երկարացրել են սոցիալական հեռահարության ռեժիմը մինչ մայիսի 5-ը՝ ոչ այնքան խիստ տարբերակով: Կրկին բացվել են զբոսայգիներն ու հանգստի վայրերը: Թույլատրել են մարզական, կրոնական և ժամանցային հաստատություններին գործել։ Քաղաքացիներին, այնուամենայնիվ, ինչպես  նախկինում, այնպես էլ այժմ խնդրում են խուսափել մարդաշատ վայրերից, ավելորդ անգամ տնից դուրս չգալ և պահպանել կորոնավիրուսի դեմ կանխարգելման բոլոր միջոցառումները:

Անցած մեկ օրում երկրում հիվանդանոցներից դուրս է գրվել 137 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 9059-ի, ինչը կազմում է ավելի քան 83 տոկոս: Հարավային Կորեայում անցկացվել է կորոնավիրուսի ավելի քան 600 հազար թեստավորում: