ԵՄ-ն հումանիտար օգնության փաթեթներ կտրամադրի Շիրակի մարզի տարեցներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

եմ

Հայաստանում ԵՄ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Եվրոպական միությունը շարունակում է աջակցել առավել խոցելի տնային տնտեսություններին Հայաստանի մարզերում, որոնցում առկա են տարեցներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում: Այս անգամ, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը այցելել է Հայկական Կարմիր խաչի ընկերություն` սննդի և հիգիենայի պարագաներ պարունակող հումանիտար օգնության փաթեթների բաշխման մեկնարկին մասնակցելու համար։ Հենց այս պահին պահեստից փաթեթները ուղարկվելու են Շիրակի մարզ, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերության, ինչպես նաև տեղական և տարածքային իշխանությունների աջակցությամբ բաշխվելու են 1 485 տարեցների: Միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը, քանի որ միասին մենք ավելի ուժեղ ենք»: