Արսեն Խառատյանը դատի է տվել Հրանտ Բագրատյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News 

քաղաքական

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ՝ ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է ապրիլի 27-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։

24News-ի հետ զրույցում Արսեն Խառատյանը նշեց, որ հայցի պատճառը Բագրատյանի՝ ապրիլի 8-ին կատարած ֆեյսբուքյան գրառումն է, որտեղ Բագրատյանը մասնավորապես գրել էր․ «ՀՀ-ից ժամանած սորոսական էմիսարները, ի դեմս Արսեն Խառատյանի, Մանվել Սարգսյանի և այլոց, օգտագործելով, այսպես կոչված՝ Արցախի հեղափոխական կուսակցության «ակտիվիստներին» (100-200 մարդ), նախագահ Արթուր Օսիպյանին՝ մեկ այլ սորոսական, ընտրությունները հայտարարում են կեղծված, պահանջում են դրանք չեղարկել, նոր ընտրություններ անցկացնել և այլն։ Պահանջում են նաև այս պահին գործող ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։ Բայց չէ՞ որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Այս ի՞նչ եք անում։ Հերթական անգամ կայացած, ձևավորված պետությո՞ւն եք քայքայում»։

«Հայցով մի քանի պահանջներ եմ ներկայացրել զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ։ Պահանջել եմ հերքում և ներողություն, նաև՝ փոխհատուցում՝ օրենքի թույլատրված ամենաբարձր չափով», - նշեց Խառատյանը։

24News-ի հետ զրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ տեղյակ չէ դատական հայցի մասին և որևէ փաստաթուղթ չի ստացել․

«Ձեզնից եմ լսում առաջին անգամ, ոչնչից տեղյակ չեմ։ Նախ, պետք է հարցնել, թե Արսեն Խառատյանն ինչո՞ւ էր միտինգ անում Արցախում, ի՞նչ իրավունքով է ՀՀ քաղաքացին այնտեղ միտինգ անում։ Արել ա, ես էլ ասել եմ, էդտեղ ի՞նչ թեմա կարող է լինել, ի՞նչ կա դրա մեջ։ Ի՞նչ գործ ուներ ինքը, որ գնացել ու Արցախի ընտրություններին էր խառնվում։ Բակո Սահակյանի հրաժարականն էին պահանջում, ես էլ էդպես նշել եմ», - նշեց Բագրատյանը։

Այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել՝ հաշվի առնելով Խառատյանի ներկայացրած պահանջները՝ Բագրատյանը նշեց․ 

«Ի՞նչ փոխհատուցման մասին ա խոսքը, ի՞նչ փոխհատուցում պիտի տամ, ինչո՞ւ, նրան պետք ա բանտ տանեն, ինչի՞ մասին ա խոսքը։ Ի՞նչ գործ ուներ նա, որ ուրիշ պետության տարածքում միտինգ էր անում, փոխհատուցումը ո՞րն ա, Ձեզնից եմ լսում։ Ինձ հետաքրքիր չի Արսեն Խառատյանը», - ասաց Բագրատյանը։

Սոնա Գրիգորյան