Դատարանը չի քննել ՈՒԱԶ-ները ԵԿՄ-ին հանձնելու որոշման դեմ Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News 

հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել են Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության օգտագործմանը հանձնելու դատարանի որոշումը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանի այս որոշման դեմ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն ապրիլի 14-ին բողոք է ներկայացրել, որը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին: 
Դատարանը համարել է, որ բողոքարկված դատական ակտը արձանագրային որոշում է, որը, Քրեական դատավարության կարգավորումների համաձայն, բողոքարկման ենթակա չէ, արդյունքում որոշվել է պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության:

Ավելի վաղ՝ ապրիլի 7-ի դատական նիստում, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված մթերքներ, մի շարք կենցաղային իրեր հանձնել ԵԿՄ-ի օգտագործմանը և տնօրինմանը, իսկ «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները հանձնել ԵԿՄ-ի օգտագործմանը՝ առանց տնօրինման իրավունքի:

Ավելի վաղ, 24News-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն անօրինական էր համարել դատարանի որոշումը՝ նշելով. «Դատարանը ինչպես միշտ իր բարձունքում էր: Այս որոշումը միանշանակ անօրինական էր»: 
 
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկը կամ տուրքը չվճարելու, առանձնապես խոշոր չափերով շորթման, դրանք կազմակերպելու կամ կազմակերպմանն օժանդակելու համար: 
Նրա գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 26-ին: