Գուրգեն Խաչատրյանի մայրը և կինը կանչվել են ԱԱԾ. ձերբակալվել է նաև վարորդը. «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

աած

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը ԱԱԾ են կանչվել։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն:  

Ըստ աղբյուրի՝ ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեև, Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։

Աղբյուրը նաև գրում է, որ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։ 

Ավելի վաղ գրել էինք, որ խուզարկություն է իրականացվում «UՅուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»,- գրել էր նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել  էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու «Յուքոմ»-ը։ 

«Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել, և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել «Ucom»-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանն ու նշել, որ ճնշումներին տեղի չենք տալու, և որ «Ucom­-ը չի վաճառվելու։