Ազգային բևեռի ձևավորման նպատակով «Սասնա Ծռերը» որոշել է համախմբել «առողջ ուժերին»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

 

քաղաքական
Սասնա Ծռեր համահայկական շարժումը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ նախաձեռնում են ազգային բևեռի ձևավորման նպատակով առողջ ուժերին ու գործիչներին համախմբելու գործընթաց:

«Գործող իշխանությունը հրաժարվել է հեղափոխությունից, դարձել է նախկինների իրավահաջորդ և համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերի հետ միասին ամեն գնով պահպանում է առկա կիսագաղութային կեղեքիչ համակարգը, նրա ապօրինի սահմանադրությունը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները և կառավարման քրեաօլիգարխիկ մեխանիզմները:

Այս ամենի հետևանքով տասնամյակների ընթացքում ձևավորված արտաքին ու ներքին մարտահրավերները կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնացել են, կուտակվել և ազգի և պետականության համար կարող են առաջացնել գոյութենական ճգնաժամ:

Փաստում ենք, որ մենք դեռևս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք և դրա ծանր հետևանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձևով,
գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք և կարողություն, ճգնաժամը հաղթահարելու և աղետից խուսափելու միակ հնարավորությունն է՝ ստեղծել հակաճգնաժամային ծրագիր ունեցող ազգային-ժողովրդավարական ուժերի բևեռ, որը պետք է ներառվի պետության կառավարման մեջ, հակաճգնաժամային կառավարման ծրագիրը պետք է հիմնվի համազգային համաձայնության ու ներառականության վրա և նախատեսի համակարգային փոփոխություններ (առաջին հերթին՝ պետության ինքնիշխանություն, Արցախը ներառող միասնական կառավարում, Անցումային արդարադատություն, նոր Սահմանադրություն և անկախ դատարան) և ապահովի պարենային, առողջապահական, էներգետիկ ու պաշտպանական անվտանգություն, ինչպես նաև լայնածավալ հայրենադարձության նախադրյալներ ու պայմաններ:

Գիտակցելով ազգի և պետականության առջև ծառացած լինել-չլինելու հրամայականը՝ նախաձեռնում ենք ազգային բևեռի ձևավորման նպատակով առողջ ուժերին ու գործիչներին համախմբելու գործընթաց:

Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
Ալբերտ Բաղդասարյան
Գարեգին Չուգասզյան
Եղիշե Պետրոսյան
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
Տիգրան Խզմալյան»,-նշված է հայտարարությունում: