Այցելուից հետո կատարվում է գործիքների ախտահանում. ուղեցույց՝ գեղեցկության սրահների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

վարսավիրանոց

Անհրաժեշտ է անձնակազմին ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով ապահովում: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է վարսավիրանոցներում և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններին։

Ըստ որոշման՝ աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով 60-80 %-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։ 

«Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է օգտագործված գործիքների ախտահանում՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով: Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում»:

Ուղեցույցի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում: Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:

Նշենք, որ մայիսի 4-ից  հանվել են նաև տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները: Գործում են բացօթյա ռեստորանները, սրճարանները: Թույլատրված են անհատական ծառայությունների գործունեությունները: Դրանց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները: