«Կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկ». փոխնախարարը 1,3 %-անոց աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

գործազուրկ

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Արման Ուդումյանը տեղեկացրել է, որ կամավարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվում է գործազրկության՝ 1,3 տոկոսով աճ՝ 17,7 տոկոսից դառնալով 19 տոկոս:

«Թվային առումով կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկ երկրում», - ասել է փոխնախարարը և հավելել, որ գործազրկությունն առավել զգալի կլինի սպասարկման, հանրային սննդի ոլորտում, կտուժի նաև շինարարարությունը։

«Թվեր չունենք, բայց հասկանում ենք, որ նաև այն մեծ բանակը սեզոնային աշխատողների, որոնք հիմնականում ՌԴ էին գնում աշխատելու, հավանաբար մի քանի ամսից կհամալրեն մեր գործազուրկների բանակը», - ասել է Ուդումյանը:

Ըստ փոխանախարարի՝ այս պահին նախարարությունը գործազրկության շահառուների համար 2 ծրագիր է մշակել, որոնք ներկայացվել են կառավարություն։