ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում կան խնդիրներ. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե չնայած հավաստիացումներին, ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում պարզվեց՝ կա փաստաթուղթ, Մնացականյանը պատասխանել է. «Հիմա այս հարցը թափ տալու կարիք չկա»:

Ըստ Մնացականյանի՝ ՀՀ-ն ՌԴ-ի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է աշխատում, իսկ համանախագահությունը ներառում է նաև այլ երկրներ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, որոնց հետ այս 2 տարում ունեցել են շարունակական աշխատանք:

«Ունենք բավական ընդարձակ հնարավորություններ՝ խոսելու մեր դիրքորոշումների, ընկալումների մասին, որի մասին ընդարձակ խոսել եմ, և այդ առումով հիմա մի շրջան է, երբ պետք սպասենք՝ պահպանելով կայունությունը, պահպանելով զինադադարի ռեժիմը, անցնել այս փուլը, հետո ներգրավվել այս աշխատանքի մեջ նորից, ինչպես ծրագրվում էր»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հիշեցնելով, որ իր և Մամեդյարովի վերջին հանդիպման շրջանակում ԼՂ հիմնախնդրի բոլոր հարցերի շուրջ քննարկումներ եղել են:

Ըտ նախարարի՝ կան ծրագրված գործողություններ և սպասում են դրանց իրականացման պահին:

«Բոլորս կապի մեջ ենք, միմյանց տեղյակ ենք պահում»,- ասել է նախարարը, ապա տեղեկացրել, որ սպասում են՝ սահմանափակումները վերանան, որ անցնեվ նորմալ աշխատանքի:

Հարցին՝ հնարավո՞ր է հայկական կողմին ԼՂ հիմնահարցում ինչ-որ բան պարտադրել, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Ինձ տրված է մանդատ՝ առաջ տանելու այդ աշխատանքը, մեր կառավարության ղեկավարը վարչապետն է, որն ունի մանդատ ժողովրդի կողմից, և սրանով ենք մենք առաջնորդվում բանակցություններում: Մենք չենք կարող ստեղծել իրավիճակ, երբ մեր ժողովրդի համար անվտանգային միջավայրը դառնում է խոցելի, և այդ առումով շարունակելու ենք: Մեր աշխատանքային մեթոդը կառուցողական է, և այդ մեթոդով մենք շարունակում ենք, բայց կառուցողական չի նշանակում, որ մենք կարող ենք աշխատել մի իրավիճակում, երբ մեր ազգային շահերի համար ստեղծվում է վտանգ, ստեղծվում է անընդունելի իրավիճակ»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին գազի սակագնի և ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրգործերի վերաբերյալ՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև օրակարգը բավականին ընդարձակ է, դրանցում կան նաև խնդիրներ:

«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն խորքային խնդիր ունենք: Երկու հարաբերություններում կան խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք մտադրություն ունենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ»,- ասել էՄնացականյանը: