ՍՈւ 30-նները պատրաստվում են Հաղթանակի օրվան նվիրված օդային շքերթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Երևանի երկնքում ՍՈւ 30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ են իրականացնում օդային շքերթի համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում լինելու է օդային շքերթ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

«Քանի որ համաճարակային իրավիճակի պատճառով այլ միջացառումներ չեն նախատեսվում, լինելու է օդային շքերթ, և այսօր իրականացվում են նախապատրաստական թռիչքներ։ Օդային շքերը կազմակերպվում է հայ և ռուս օդաչուների մասնակցությամբ»,- ասաց Ստեփանյանը։
ՊՆ մամուլի քարտուղարը հավելեց, որ դեռ չի կարող ասել, թե հայկական կողմից քանի ինքնաթիռներ ներգրավված կլինեն, դա կախված է մի շարք հանգամանքներից։

Ավելի վաղ, Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռուսական ռազմաբազայի 210 ինքնաթիռ և ուղղաթիռ ներգրավված են լինելու մայիսի 9-ի օդային շքերթին մասնակցելու համար։