Բեյրութից լիբանանյան ինքնաթիռը ժամանեց Երևան. 20 քաղաքացիները 14-օրյա կարանտինում կմնան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

բեյրութ

Մոտ կես ժամ առաջ Երևանում վայրէջք է կատարել Բեյրութից ժամանած լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության օդանավը, որը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացիների: Ինքնաթիռի նախատեսվող ժամանման մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մարտի 31-ին 68 հոգի Հնդկաստանից է տեղափոխվել, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, որից 80-ը` անվճար, ապրիլի 7-ին` Մոսկվայից 226 հոգի, որից 150-ը անվճար, ապրիլի 6-ին Թել Ավիվից` 10 հոգի անվճար, ապրիլի 10-ին` Վաշինգտոնից 35 հոգի, անվճար, Թուրքիայից ապրիլի 4-ին` 73 հոգի, բոլորն անվճար, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, որից 200-ը անվճար: Ապրիլի 13-ին Սուդանից 8 հոգի է վերադարձել, ապրիլի 19-ին Կրասնոդարից՝ 100 հոգի, բոլորն անվճար, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից՝ 100 հոգի է վերադարձել, բոլորն էլ անվճար, ապրիլի 21-ին Էմիրություններից` 18 հոգի, ապրիլի 22-ին Մոսկվայից՝ 200, որից 170-ը անվճար, ապրիլի 23-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թռիչքով 230 անձ է վերադարձել, որից 150-ը անվճար, ապրիլի 24-ին Բաղդադից 21 հոգի է վերադարձել, բոլորն էլ անվճար, ապրիլի 27-ին Վարշավա-Մինսկ չվերթով 18 հոգի է վերադարձել, ապրիլի 28-ին Կիևից 150 հոգի է վերադարձել, բոլորն անվճար, ապրիլի 29-ին Դամասկոսից՝ 18 հոգի, բոլորն անվճար, մայիսի 2-ին Վենետիկից՝ 5 հոգի,  անվճար, մայիսի 3-ին Քուվեյթ-Թբիլիսի-Երևան չվերթով՝ 9, բոլորն անվճար, մայիսի 4-ին Բեյրութից 20 հոգի է վերադառնում, 6-ին Ալմաթիից 30 հոգի ենք նախատեսում»,- ասել է ԱԳ նախարարը:

Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ անվճար չվերթները Հայաստանի կառավարության, տարբեր գործընկեր կառույցների և անհատների գործակցության համադրություն է:

Հիշեցնենք, որ Բեյրութից չվերթի մասին ապրիլի 27-ին հայտարարել էր Լիբանանում ՀՀ դեսպանությունը: Ինքնաթիռը պատրաստվում է հետադարձ չվերթ կատարել, որով Լիբանան կվերադառնան այդ երկրի քաղաքացիներ: 

Ինչ վերաբերում է Երևան ժամանածներին, նրանք ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: