Վաղարշապատում առանձնատնից 13 միլիոն դրամից ավելի ապրանքի գողությունը բացահայտվել է

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

գողություն

Ապրիլի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել։ 2018 թվականի հունիսի 28-ին հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էջմիածնի Ռոմանոս Մելիքյան փողոցի առանձնատներից մեկի մուտքի դուռն ու գողացել օրինական որսորդական հրացան, դրամապանակներ, բանկային քարտեր, ժամացույցներ, փող, զարդեր և այլն։

Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի՝ 13 միլիոն դրամից ավելի վնաս։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ։

Բացահայտման տևական աշխատանքը, հետևողականության շնորհիվ, արդյունք տվեց։ Բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով իրավապահների տեսադաշտում հայտնվեց Էջմիածնի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ, որը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կասկածվողը խուզարկվեց։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող զանգված ու օգտագործված կաթուցիչ կար։

Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվեց առանձնատնից գողացված իրերի մի մասը։ Գողոնի մյուս մասը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։