Նոր Գյուղ բնակավայրի մեկ տասնյակ ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

Կոտայք

Ամենամոտ ժամանակահատվածում հանգուցալուծում կստանա Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում երկար տարիներ բնակվող մի քանի ընտանիքների սեփականության իրավունքի իրացման հարցը:

Կոտայքի մարզպետը մայիսի 3-ին այցելել է Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայր, որտեղ համայնքապետի և վարչական ղեկավարի մասնակցությամբ նախկին մանկապարտեզի շենքում բնակվող մի քանի ընտանիքների հետ քննարկել է իրենց բնակության վայրի օրինականացման հարցը:

Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել համայնքի կողմից նախկին մանկապարտեզի շենքն աճուրդի հանելու եղանակով (համայնքի ավագանին կորոշի նաև աճուրդի մեկնարկային գները) մեր գյուղաբնակ քաղաքացիներին հնարավորություն տալ օրինականացնելու կացարանները՝ հետագայում սեփականության իրավունքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ բացառելու նպատակով:

Ըստ այդմ, շենքի ու հարակից հողամասերի գործառնական նշանակությունը օրենքով սահմանված կարգով կփոխվի և այն կվերագրանցվի որպես 10 ընտանիքի համար նախատեսված՝ բնակելի շինություն կից հողամասերով։

Շենքի շրջակայքում նրանց կտամադրվի նաև հողատարածք, որը կարող են մշակել, զբաղվել այգեգործությամբ ու այսպիսով հոգալ իրենց կարիքները:

Աճուրդից գոյացած ֆինանսական միջոցները կուղղվեն գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ, պետական սեփականություն հանդիսացող ազատ տարածքում մանկապարտեզի նոր շենքի կառուցմանը: