Լուկաշենկոն պատրաստ է կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը կազմակերպել ցանկացած ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է մայիսի 19-ին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը կազմակերպել ցանկացած ձևաչափով, սակայն անձամբ հնարավոր է համարում առերեսման ձևափաչը: Այս մասին նա հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ տեսակոնֆերանսի ընթացքում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:

«Ես այսօր խոսել եմ Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ: Նրանք այժմ խորհրդակցում են Ռուսաստանի նախագահի հետ։ Ես ձեր ծառան եմ, ինչպես դուք կասեք, այդպես էլ կլինի։ Կազմակերպում եմ միջոցառումը։ Պատրաստ եմ մայիսի 19-ին ընդունել ձեզ՝ բոլորիդ։ Խոստանում եմ լիակատար անվտանգություն»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Նա սակայն հավելել է, որ այնքան էլ չի ընդունում տեսակոնֆերանսների ձևաչափը. «Մեզ վրա մարդիկ արդեն ծիծաղում են։ Եթե մենք ցանկանում ենք լրջորեն քննարկել հարցերը, պետք է հանդիպենք։ Թող շատ մարդիկ ներկա չլինեն, թող այստեղ լինի մեկ-երկու տեսախցիկ, մեր անձնական օպերատորները, լուսանկարիչները, որոնք կկարողանան նկարահանել այդ իրադարձությունը, բայց մենք կարողանանք հանդիպել ու խոսել»,- նշել է նախագահը: