Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մակագրվել է Ա․ Դանիբեկյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին միջնորդությունը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Ներկայացված միջնորդության հիմքում ընկած է կորոնավիրուսի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կորոնավիրուսի վարակման տարիքային ռիսկային խմբում:

Բացի այդ՝ պաշտպանը դիմել էր նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար, ինչը մերժվել է: Նշենք, որ Աննա Դանիբեկյանն այս պահին արձակուրդի մեջ է։

«Մենք դիմում ենք, ասում ենք՝ դատավոր Աննա Դանիբեկյանը բացակայում է, վերամակագրեք այլ դատավորի, ասում են՝ մակագրում ենք դատավոր Դանիբեկյանին »,- նշեց Խուդոյանը։ Որպես պատճառաբանություն նշվել է այն հանգամանքը, որ դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է վերադառնա մայիսի 8-ին, մինչդեռ՝ նախկինում նրա բացակայությունն անտեսվում էր։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առաջին միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին ներկայացվել է դեռեւս մարտի 16-ին, սակայն առ այսօր այն չի քննարկվել։ Մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, թեեւ փաստաբանները նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Հետագայում պարզվեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչեւ ապրիլի 16-ը, որի ընթացքում պետպատվերի շրջանակներում քթի վիրահատություն է արել։

Անաշխատունակության ժամկետը լրանալուց հետո էլ՝ ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ դատավորը հիմա էլ հերթական արձակուրդ է վերցրել մինչեւ մայիսի 7-ը։

Արձանագրենք, որ փաստաբաններն այս ընթացքում արդեն դիմել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով վերամակագրել Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը, ինչը ևս մերժվել է։

Բացի այդ՝ փաստաբան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը ճանաչել ոչ իրավաչափ՝ արձանագրելով միջնորդության քննությունն անորոշ ժամկետով հետաձգելու արդյունքում խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով երաշխավորված՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքներն ու ազատությունները:

Փաստաբանը պահանջել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը ճանաչի Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումները և վերացնի այն՝ քննության առնելով կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը և բավարարի այն: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մերժել է վարույթ ընդունել բողոքը՝ նշելով, որ դատարանի անգործությունը բողոքարկման ենթակա չէ։