Երևանի սրճարանները բացվել են. մատուցողները վստահեցնում են՝ ջերմաչափվում են ու աշխատում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

Կառավարությունն ապակենտրոն պայքար է սկսել Covid-19-ի դեմ։ Պարետատան որոշմամբ՝ մայիսի 4-ից համակեցության կանոնների նոր փուլ է սկսվում, և հանվում են որոշակի սահմանափակումներ։ Նոր փուլը հիմնականում պայմանավորված կլինի քաղաքացիների և տնտեսվարողների պատասխանատվությամբ։ Վերաբացվում են հանրային սննդի՝ ռեստորանների, բարերի, սրճարանների բացառապես բացօթյա տարածքները և տնտեսական գործունեության այլ ոլորտներ։ 

Քաղաքի մի շարք սրճարաններ առավոտից սկսել են նախապատրաստվել, մաքրում են սրճարանի տարածքները, ախտահանում սեղանները։ Աշխատակիցները նշում են՝ աշխատանքային դադարը երկար տևեց, դեռ հաճախորդներ չկան, բայց չաշխատել էլ չեն կարող։ 

Բացի հանրային սննդի ոլորտից, սահմանափակումները դադարեցվել են նաև գեղեցկության սրահներում։ Ի տարբերություն սրճարանների՝ այս ոլորտում հենց առաջին օրն էլ հաճախորդները շատ են։ 

Գեղեցկության սրահի աշխատակիցներից մեկը 24News-ի հետ զրույցում նշեց, որ իրենց աշխատանքում, կարելի է ասել, ոչինչ չի փոխվել, նախկինում էլ աշխատել են դիմակներով, ձեռնոցներով, բայց հիմա ավելի զգույշ են դարձել։ 

Հանվել են նաև մարդկանց տեղաշարժման սահմանափակումները, տնից դուրս գալու համար այլևս չի պահանջվի տեղաշարժման թերթիկ վերցնել։ Քաղաքացիներն ընդունում են՝ յուրաքանչյուրից է կախված համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը, որքան զգույշ լինեն, պահպանեն կանոնները, այնքան անվտանգ կլինի։ Որոշ քաղաքացիներ էլ այսօր արդեն իրենց օրը սկսել են սրճարան այցելելով։ 

Վերաբացված բոլոր ոլորտներում կգործեն աշխատանքի կազմակերպման պարտադիր կանոններ, ոլորտի աշխատակիցներն էլ սպասում են պարետի ցուցումներին։ Պարետատունը զգուշացրել է՝ կանոնները չպահպանելը կհանգեցնի օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

Սոնա Գրիգորյան